Monday, July 5, 2010

Մամլո հաղորդագրություն

ԱԻԿԱ–Հայաստան (Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա)
Արվեստի կուրատորների ամառային սեմինարներ. Հինգերորդ թողարկում


Գեղագիտական համայնքներ եւ համայնքային արվեստի կոնտեքստուալ թարգմանություն
Օգոստոսի 15-20, 2010 Երևան, Իջևան

Արվեստի Քննադատների ազգային ասոցիացիայի ամառային սեմինարների ամենամյա ծրագիրն իրականացվում է SCCA-Ljubljana–ի, Ստամբուլի «BM Suma» կենտրոնի, Ալմա–Աթայի SCCA-Alma-Aty կենտրոնի ու Կահիրեի «Townhouse» պատկերասրահի հետ համագործակցությամբ: Ամառային սեմինարը միավորում է տարբեր համատեքստերում գործող արվեստի համադրողներին` դասախոսությունների, գործնական սեմինարների, շնորհանդեսների եւ արվեստի տարածքներ այցելությունների եւ այլ միջոցառումներով:

Հինգերորդ ամառային սեմինարի թեմատիկ ընդհանուր շրջանակը արվեստային համայնքների ու համայնքային արվեստի ներկայացման հարցն է։ Բարձրացվող հարցերի թվում են արվեստի ընկալման գործում կոնտեքստուալ թարգմանության խնդիրը, այն դեպքում, երբ արվեստի գործն արտադրվել է ներկայից տարբեր տարածաժամանակային ու գաղափարաբանական պայմաններում։ Ո՞րն է ընկալման քաղաքականության մեջ կուրատորի դերն ու նշանակությունը։ Կարո՞ղ է արդյոք այլ պայմաններում ստեղծված գործը ներկայում ծավալվող դիսկուրսների մաս կազմել մեկնաբանության միջոցով։ Ի՞նչ կարգավիճակում է հայտնվում արվեստի գործը, երբ նպատակադրված ուղերձն ու հանդիսատեսն այլևս չկան։
Սեմինարի ծրագիրը բաղկացած է ամենօրյա դասախոսություններից, քննարկումներից եւ շնորհանդեսներից։ Տեսական մասը տեղի կունենա Երեւանում, օգոստոսի 15-17-ը: Սեմինարի երկրորդ եւ գործնական մասը պատրաստել են Արվեստի նախագծման ծրագրի շրջանավարտները: Ի թիվս այլ գործունեությունների` ասոցիացիան իրականացնում է կրթական այլընտրանքային` «Մշակութային նախագծում և լուսաբանում» 10-ամսյա դասընթացը: Առաջիկա 3 տարվա ընթացքում դասընթացը հավակնում է դառնալ հետբակալավրական կրթական ծրագիր` արվեստի համակարգողների եւ արվեստի լրագրության գծով։ Այսպես, «Հուշարձանի համայնքային ֆունկցիան» խորագրի ներքո նախատեսվող ցուցադրություններն ու քննարկումներն Իջեւանում կընթանան օգոստոսի 18-20-ը:





Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (ԱԻԿԱ-Հայաստան) գործունեության ամփոփ նկարագիր

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան հիմնադրվել է 2005 թվականին: Աշխատում է Հայաստանում արվեստի քննադատության զարգացման, արվեստագետի եւ հանրության փոխհաղորդակցության, արվեստի քննադատի արդի խնդիրների, քննադատի դերի բարձրացման խնդիրների շուրջ: 2005 թվականին Մեծ Բրիտանիայի Պլիմուտի համալսարանի մասնագետների հետ կազմակերպել է մեկօրյա դասընթաց` կոլոքվիում, Երևանում կայացած «Հանրային ոլորտ. Վիճարկման և վերըմբռնման միջև» վերնագրով եռօրյա գիտաժողովի արդյունքում նկարահանվել է վավերագրական ֆիլմ և հրատարակվել գիտաժողովի նյութերի ամփոփ ժողովածու: 2006- 2007 թվականներին մշակվել և ստեղծվել է արվեստի համակարգողների երևանյան ամառային միջազգային դպրոցը: 2008 թվականին կազմակերպվել է Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի գործունեությունը խթանող համաժողով: Այդ ժամանակահատվածում մշակվել և Գյումրիի 6-րդ Բիենալեի շրջանակում իրականացվել է ցուցահանդեսային ուսումնական մի նախագիծ:

No comments: