Thursday, August 15, 2013

7րդ Ամառային Սեմինարներ: Օր 3

Պատրաստեց Աննա Ժամակոչյանը


Հանրային լեկցիայի շրջանակներում Ջուլիան Վիգոն առավոտյան ներկայացրեց իր Համադրելով Այգին, Կատարելով Քաղաքականությունը: Le Petit Versailles, Նյու Յորք”պրեզենտացիան։ Այն պատմում էր Նյու Յորքում քաղաքային փոխակերպումների պայմաններում 1996-ից մինչ օրս հանրային գրաված տարածքում գործող արվեստային պրակտիականեր ներկայցնող մի այգի–վայրի մասին։  Le Petit Versailles–ը համադրողական այլընտրանքային տարածք է, որը հիմնադիրներ Ջեք Ութերսի ու Փիթեր Քրամերի կողմից տարին վեց ամիս իրականացվող շահույթ չհետապնդող նախագծերի միջոցով դարձել է կատարողական արվեստի առավել հեղինակավոր վայրերից մեկը Նյու Յորքում։ Այս այգին հանդիսանում է արվեստի և քաղաքականության մեկտեղման վայր, որտեղ շոշափվում են նյույորքցիներին վերաբերող խնդիրներ, 9/11-ի հետևանքները ՁԻԱՀ-ի ճգնաժամը, տարօրինակող համայնքների խնդիրներ, գրաֆիտի, ազգային երաժշտություն, ֆիլմ ու կատարումներ: Le Petit Versaille–ը նպաստել է մշակութային գործիչ–ակտիվիստների և պերֆորմատիվ արվեստագետների նոր սերնդի ձևավորմանը՝ համադրողական գործունեությունը վերածելով արվեստի և քաղաքականության մեկտեղման հնարավորության։
Կեսօրի պարապմունքի ընթացքում մասնակիցներ, Սիմոնե Ֆրանջին և Աննա Սանտամաուրոն ներակայցրեցին իրենց համադրողական փորձը և ընթացիկ նախագծերը։ Սիմոնե Ֆրանջին բարձրացրեց համադրողի ազատության աստիճանի և համադրողական էթիկայի խնդիրը, հատկապես սոցիալական սուր թեմաների շուրջ աշխատանքի ընթացքում, ինչպես օրինակ սևամորթ միգրանտների խնդիրն է Իտալիայում։ Այս քննարկումը հանգեցրեց նաև այլ հարցերի ծավալմանը, թե ինչպես կարող է համադրողական աշխատանքն իրականացվել հիմնարկների շրջանակներում (օրինակ թատրունում), այն պայմաններում, երբ հանդիսատեսը տվյալ ինստիտուցիաների նկատմամբ ունի որոշակի ակնկալիքներ։
Երեկոյան պարապմունքին Նատա Վաչաձեն ներկայացրեց իր արտիստական խմբի՝ bouillon group–ի մի քանի պորֆորմատիվ նախագծեր և դրանց նշանակությունը իրենց հայրենիքի և ներկայացման երկրների տեղական համատեքստերում։ Նինել Մելքոնյանը ներկայացրեց ԺԱԻ 2012-2014 թթ. կուրատորական մոդուլի ուսանողների կուրսային աշխատանքը՝ «Պրոֆիլ» նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է ցուցադրել Խորհրդային Հայաստանի չորս նշանավոր քանդակագործների հանրային–տեսանելի և ոչ հանրային–թաքնված գործերի փաստագրությունը՝ դրանով իսկ մեկտեղելով նրանց հայտնի և անհայտ պրոֆիլները։
Պարապմունքի ընթացքում շարունակեցին քննարկվել համադրողական աշխատանքին վերաբերող հարցեր։ Մարթա Քեյլը բարձրացրեց համադրության սոցիալ-տնտեսական,  քաղաքական համատեքստերի հարցը. արդյոք համադրողը, լինելով համակարգի արդյունք և դրա մաս, պահպանում է քննադատական հնարավորությունը և ինչպես։
Օրվա բոլոր քննարկումներում, մեկնաբանություններում և հարցադրումներում առավել վառ էր դրսևորվում ժամանակակից արվեստի և առհասարակ հումանիտար ոլորտի այն տարօրինակ դրությունը, երբ ինքնադրարձի, ինքնապատմականացման, ինքնահամատեքստայնացման, ասել է թե ինքնտեսականացման գործընթացներն անընդհատ են, սկսած դասախոսությունների կառուցվածքային համեմատություններից մինչև համադրության դիտարկումը ուշ կապիտալիզմի աշխատանքի բաժանման տեսանկյունից։
Ամառային սեմինարի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան մասնակցել ԱԺԶ–ում Հարություն Ալպետյանի «camera manana: storage for (im) possible realities» ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված էին բելառուս ժամանակակից արվեստագետ Սերգեյ Շաբոնինի «Եւ ոչինչ չի մնացել» լուսանկարների շարքը (2009), Հայաստանից McSharp–ի 2012թ. ֆոտոկոլաժները, Գրիգոր Խաչատրյանի ղեկավարած «Պատահականությունների պլանավորման կենտրոնի» վիդեոն և Արման Գրիգորյանի հինգ գործեր՝ դրանց վերաբերյալ Վահան Իշխանյանի՝ 2007թ.–ին գրված մեկնաբանական տեքստի ուղեկցությամբ։

No comments: